понедельник, 7 января 2013 г.
суббота, 24 ноября 2012 г.
Ալքայոսը
Ալքայոսը ծնվել է Լեսբոս կղզու Միտիլինե քաղաքում։Ալքայոս (հին հունարեն` Ἀλκαῖος, մ.թ.ա. 6-րդ դար), հին հույն բանաստեղծ։Ալքայոսի ժամանակ տեղի է ունենում ուժեղ դասակարգային պայքար դեմոկրատիայի և արիստոկրատիայի միջև։ Այս պայքարում դեմոկրատիան հաղթում է և Պիտտակոսը դառնում է բռնապետ։Ալքայոսը սերում էր ազնվական տոհմից և եռանդուն մասնակցություն է ունենում իր հայրենի քաղաքի պայքարին։ Նա իր եղբայրների հետ գլխավորում է արիստոկրատիային` դեմկրատիայի դեմ պայքարելու գործում։ Զենքը համարում էր անհրաժեշտ իր դասակարգի շահերը պաշտպանելու համար և սիրում էր ու ոգևորությամբ նկարագրում այն.
Ռազմի փայլով ամեն ինչ շողում,
|
Սրբասո՛ւրբ Սաֆո,
|
Ալքայոսին վերագրվում է երգերի 10 հատոր, որից շատ քիչ բան է հասել մեզ։ Ալքայոսից մեծ ազդեցություն է կրել հռոմեացի բանաստեղծ Հորատիոսը։
Պիտտակոսը քաղաքականապես ամրանալով` ներում է շնորհում վտարանդիներին։ Ալքայոսը վերադառնում է Միտիլինե, ուր և հավանաբար կնքում է մահկանացուն։
воскресенье, 30 сентября 2012 г.
Ավելացել է նոր բաժին
Հունաստանի Հանրապետություն


Հունաստանը պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում. ընդգրկում է բուն Բալկանյան թերակղզու հարավային մասը և հարակից ավելի քան 100 կղզիներ, որոնք միասին կազմում են երկրի տարածքի 1/5-ը: Խոշոր կղզիներն են Կրետեն, Եվբեան, Հռոդոսը, Լեսբոսը: Հունաստանի ափերը ողողում են Եգեյան, Հոնիական և Միջերկրական ծովերի ջրերը: Ափերը խիստ կտրտված են, ափագծի երկարությունն ավելի քան 15 հզ. կմ է:
Այստեղ ծովի մեջ են մխրճվում Խալկեդոնիա, Աթթիկա և Պելեպոնես թերակղզիները: Վերջինս ամենախոշորն է. զբաղեցնում է Հունաստանի տարածքի 1/7-ը:
Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ երբ Աստված արարեց աշխարհը, վերջին բուռ քարը ծովը նետեց, և առաջացավ Հունաստանը՝ լեռնոտ ու քարքարոտ այդ երկիրը: Լեռներն ու սարահարթերը զբաղեցնում են երկրի տարածքի շուրջ 2/3-ը: Եգեյան ծովի երկայնքով ձգվում են մի քանի փոքր դաշտավայրեր (Ստորին Թրակյան, Սալոնիկի, Թեսալյան): Ամենամեծ լեռնային համակարգը Պինդոսն է: Գերակշռում են միջին բարձրության լեռները, ամենաբարձր կետը Օլիմպոսն է (2911 մ):
Կլիման մերձարևադարձային, միջերկրածովյան է. ձմեռը՝ մեղմ ու խոնավ, ամառը՝ շոգ ու չոր: Գետերը կարճ են, լեռնային: Նշանակալի են Վարդարը, Մարիցան, Ստրիմոնը, Նեստոսը, որոնց միայն ստորին հոսանքներն են Հունաստանի տարածքում: Լճերից են Տրիխոնիսը, Վեգորիտիսը, Պրեսպան: Երկրի տարածքի 15%-ն անտառածածկ է: Կան երկաթի, մանգանի, քրոմի, նիկելի, բազմամետաղների, մարմարի պաշարներ:
Հունաստանի բնակչության մոտ 95%-ը հույներ են: Բնակվում են նաև ալբանացիներ, արոմուններ, թուրքեր, հրեաներ, հայեր, գնչուներ և այլք:
Խոշոր քաղաքներն են Աթենքը, Սալոնիկը, Պատրան:
Հունաստանի պատմությունը բաժանվում է 2 ժամանակաշրջանի՝ Հին Հունաստան և ներկայիս Հունաստան:
Հին Հունաստանը (Հելլադա), որի ժամանակաշրջանն ավարտվում է մինչև մեր թվականության IV դարով, միասնական պետություն չէր. այն մասնատված էր բազմաթիվ քաղաք-պետությունների՝ պոլիսների: Դրանցից ամենախոշորներն էին Աթենքն ու Սպարտան: Աթենքում պետական բոլոր գործերը վարում էին յուրաքանչյուր տարի ընտրվող խորհուրդը և ազատ քաղաքացիները, որոնք հավաքվում էին ժողովրդական ժողովի: Դա աշխարհում ժողովրդավարության առաջին դրսևորումներից էր: Հին հույներն ամենից շատ գնահատում էին իրենց քաղաք-պետությունների ազատությունն ու անկախությունը:
Հին հույները ժամանակի ամենաքաղաքակիրթ ժողովուրդներից էին, իսկ Հունաստանը համարվել է երկիր, որտեղ առասպելներ են ծնվում: «Իլիական» և «Ոդիսական» դյուցազներգությունները, որոնք, ըստ ավանդության, ստեղծել է Հոմերոսը մ.թ.ա. XII դարում, համաշխարհային գրականության գլուխգործոցներից են:
Հին հունական արվեստն ու մշակույթը դարեր շարունակ եղել են գեղեցկության, հնարամտության, ներդաշնակության, բարձր ճաշակի չափանիշ:
Հին հույները վեհաշուք տաճարներ էին կառուցում իրենց աստվածների պատվին: Շատ գեղեցիկ է եղել պատերազմի, հաղթանակի, իմաստության, գիտության, արվեստի, արհեստների և երկրագործության աստվածուհի Աթենաս Պալլասի պատվին Ակրոպոլիսում կանգնեցված Պարթենոն տաճարը:
Յուրաքանչյուր քաղաքում անպայման թատրոն կար: Այդ նպատակով կառուցվում էին հատուկ ամֆիթատրոններ: Արիստոֆանեսի կատակերգությունները, Էսքիլեսի, Սոֆոկլեսի և Եվրիպիդեսի ողբերգություններն այժմ էլ բեմադրվում են աշխարհի շատ թատրոններում:
Հին հույներն առանձնակի վարպետության էին հասել քանդակագործության ասպարեզում: Քանդակագործներն աստվածներին նվիրված բրոնզակերտ կամ մարմարակերտ արձաններում նրանց պատկերում էին մարտնչող, գեղեցիկ, կենսուրախ և ուժեղ մարդկանց տեսքով: Շատ արձաններ են ստեղծվել Օլիմպիական խաղերի հաղթողների պատվին: Բարձր դասական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից էր քանդակագործ Ֆիդիասը, որը կերտել է նաև Զևսի արձանը Աթենքում:
Հին Հունաստանում են ստեղծվել Հին աշխարհի յոթ հրաշալիքներից երեքը՝ Արտեմիսի տաճարը, Զևսի արձանը և Հռոդոսի կոթողը:
Հին Հունաստանը գիտությունների հայրենիքն է: Այնտեղ են ձևավորվել դաստիարակության, կրթության առաջին համակարգերը: Աշխարհին հայտնի են փիլիսոփաներ և մեծ գիտնականներ Թալեսը, Պյութագորասը, Սոկրատեսը, Էվկլիդեսը, Պլատոնը, Դեմոկրիտը, Արիստարքոսը, Արիստոտելը, Սոլոնը, Պլուտարքոսը, Հիպոկրատը, Արքիմեդը, քարտեզագետ Միլետան, պատմաբաններ Հերոդոտոսը, Քսենոֆոնը, ժամանակակիցներից` մեծահարուստ Օնասիսը, երգիչներ Մարիա Կալասը, Դեմիս Ռուսոսը և ուրիշներ:
Էրատոսթենեսը համարվում է աշխարհագրության «հայրը», իսկ Ստրաբոնը Հին դարաշրջանի աշխարհագրական գիտելիքներն ամփոփել է «Աշխարհագրություն» գրքում, որը բազմաթիվ տեղեկություններ է տալիս նաև Հայաստանի բնության, քաղաքների, հայոց թագավորների մասին:
Հին հույներն անվեհեր մարտիկներ էին: Հայտնի է նրանց փոքրաթիվ զորքի հաղթանակը պարսից արքա Դարեհի և նրա որդի Քսերքսեսի դեմ ճակատամարտում՝ Մարաթոն բնակավայրի մոտ: Այդ իրադարձության հետ է կապված «մարաթոնյան վազք» կոչվող ներկայիս մարզաձևի առաջացումն ու անունը:
Աշխարհակալ Ալեքսանդր Մակեդոնացու անվան հետ է կապված հին հունական մշակույթի և լեզվի տարածումը դեպի արևելք` նրա գրաված երկրներ, որը պատմության մեջ հայտնի է որպես հելլենիզմի դարաշրջան:
IV դարում Հին Հունաստանի տարածքը մտավ Արևելյան հռոմեական կայսրության՝ Բյուզանդիայի կազմի մեջ:
Ժամանակակից Հունաստանի պատմությունն սկսվում է 1453 թ-ից, երբ թուրքերը նվաճեցին Կոստանդնուպոլիսը՝ Բյուզանդիայի մայրաքաղաքը: XVII–XVIII դարերում Հունաստանը թուրքական լծի տակ էր: Թուրքերը, որ հասարակական, տնտեսական և մշակութային զարգացման անհամեմատ ցածր մակարդակի վրա էին, կասեցրին Հունաստանի բնականոն զարգացումը: Թուրքական բռնություններից փրկվելու համար հույների մի մասը տարագրվեց Իտալիա, Ավստրիա, Ռուսաստան և այլ երկրներ: Սակայն հույն ժողովուրդը համառորեն պայքարում էր թուրքական լծի դեմ: 1830 թ-ին այդ պայքարը պսակվեց հաղթանակով. Հունաստանը պաշտոնապես հռչակվեց անկախ պետություն:
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հունաստանն ընկավ գերմանական տիրապետության տակ և մեծ կորուստներ կրեց: Միայն պատերազմի ավարտին կարողացավ ազատագրվել օտարերկրյա լծից:
Հունաստանը ծովային երկիր է: Հունական նավերը Եվրոպա և Ամերիկա են տանում ծխախոտ ու չամիչ, նարինջ ու գինի, ձիթապտղի յուղ ու կաշի, ինչպես նաև ածուխ, բոքսիտներ, երկաթի հանքաքար, մանգան, նիկել և այլ օգտակար հանածոներ:
Հունաստանում զարգացած են մետաղաձուլությունը, նավթավերամշակումը (ներմուծվող հումքի հիման վրա), մեքենաշինությունը, հատկապես՝ նավաշինությունը:
Սննդի արդյունաբերության մեջ առաջնային նշանակություն ունեն գինու, շաքարի, ձիթապտղի յուղի, ծխախոտի արտադրությունները:
Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են մերձարևադարձային պտղաբուծությունը (ձիթենի, խաղող, ցիտրուսներ), ծխախոտի և բամբակենու մշակությունը: Հունաստանում հայտնի են խաղողի Կորինկա և Սուլթանիա տեսակները, որոնցից բարձրորակ չամիչ են ստանում:
Արևոտ, հարմար լողափերը, հայտնի առողջարանները, պատմամշակութային բազմաթիվ հուշարձանները դեպի իրենց են ձգում բազմաթիվ զբոսաշրջիկների: Տարեկան Հունաստան է այցելում 7 մլն-ից ավելի զբոսաշրջիկ, ինչը մեծ եկամուտներ է բերում երկրին:
Հայերը Հունաստանում
Հայերը Հունաստանում զանգվածաբար սկսել են բնակություն հաստատել V-VI դարերում: Նրանց թիվը ստվարացել է 1895–96 թթ-ին Թուրքիայի կազմակերպած հայկական ջարդերից և հատկապես Մեծ եղեռնից հետո: Հայերն ակտիվորեն մասնակցել են թուրքական լծից հույն ժողովրդի ազատագրական պայքարին: Իսկ գերմանացի զավթիչների դեմ հույների մղած պայքարում նրանք նույնիսկ կազմավորեցին «Ազատություն» հայկական առանձին աշխարհազորային ջոկատը: Ներկայումս Հունաստանում բնակվում է շուրջ 45 հզ. հայ (35 հզ-ը՝ նորեկ հայաստանցիներ). հիմնականում կենտրոնացած են Աթենք, Սալոնիկ, Կոմոտինի, Քսանթի և այլ քաղաքներում:
Հայերն ակտիվորեն մասնակցում են երկրի տնտեսական կյանքին: Գործում են եկեղեցիներ Սուրբ Աստվածածինը՝ Սալոնիկում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչն ու Սուրբ Հակոբը՝ Աթենքում, դպրոցներ, քաղաքական, մշակութային, բարեգործական, երիտասարդական, մարզական միություններ, լույս են տեսնում պարբերականներ («Ազատ օր», «Դրոշակ», «Երիտասարդական կանչ», «Հայաստան», «Շողակաթ» և այլն): Հունահայության ազգային կյանքը կազմակերպում են Ազգային առաջնորդարանը և Ազգային վարչությունը:
1996 թ-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը:
Ալկման
Ալկման (հին հունարեն` Ἀλκμάν, մ.թ.ա. 7-րդ դարի երկրորդ կես), հին հույն բանաստեղծ։
Խմբական երգերի ներկայացուցիչն է Ալկմանը, որ ծնվել է մոտավորապես մ. թ. ա. 7-րդ դարի սկզբին, եղել է, ըստ տեղեկությունների, ծագումով ստրուկ։ Երկար ժամանակ ապրել է Սպարտայում, եղել է երգի ուսուցիչ և խմբավար։
Ալկմանն իր երգերը հորինել է դորիական բարբառով և զարկ է տվել խմբական երգերի զարգացմանը, որոնք հարգի էին Սպարտայում։ Նա հեղինակել է այսպես կոչված պարթենոնները, որոնք քնարական պոեմներ են, որոնք երգել են աղջիկների խումբը։ Այս երգի մեջ նա մտցնում է ստրոֆներ և անտիստրոֆներ։ Ստրոֆները կուպլետներ էին, որոնք երգելու ժամանակ խումբը շարժումներ էր կատարում դեպի աջ, իսկ անտիստրոֆները երգելիս նույն խումբտ շարժումներ էր կատարում դեպի ձախ։
Ալկմանին են վերագրվում քնքուշ սիրային երգեր` նվիրված պատանի տղաներին ու աղջիկներին, սակայն նրա ստեղծագործությունների մեջ առաջնակարգ տեղ են գրավում պարթեոներները, որոնց առաջին հեղինակը որպես մշակող և ձևակերպող ինքն է հանդիսացել
Եզոպոս

Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից:
Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է. Եզոպոսի տերը՝ փիլիսոփա Քսանթոսը, կարգադրում է հյուրասիրության ժամանակ մատուցել աշխարհի ամենալավ ու ամենագեղեցիկ կերակուրը: Եզոպոսը ճաշ է պատրաստում լեզվից: Երբ Քսանթոսը հարցնում է, թե ինչու է այդպիսի ճաշատեսակ պատրաստել, Եզոպոսը պատասխանում է.
– Աշխարհում կա՞ ավելի լավ ու ավելի գեղեցիկ բան, քան լեզուն: Մի՞թե լեզվով չեն պահվում ամբողջ փիլիսոփայությունը, գիտական միտքը, օրենքները. մեր կյանքի հիմքը լեզուն է, նրանից լավ ոչինչ չկա:
Քսանթոսը և հյուրերը համաձայնում են և սիրով ուտում: Հաջորդ օրվա համար տերը նորից է պատվիրում կերակուր պատրաստել, բայց այս անգամ աշխարհի ամենավատ ու անպետք բանը: Եզոպոսը դարձյալ լեզվից է կերակուր պատրաստում: Քսանթոսը և հյուրերը զարմանում են՝ տեսնելով կրկին նույն ճաշատեսակը:
– Այս ի՞նչ է նշանակում,– հարցնում է փիլիսոփան:
– Լեզվից ավելի վատ ի՞նչ կա աշխարհում: Լեզուն է բոլոր երկպառակությունների, գժտությունների և պատերազմների պատճառը,– պատասխանում է Եզոպոսը:
Սեղանի շուրջ հավաքվածները հիանում են նրա հնարամիտ պատասխանով:
Իր առակներում Եզոպոսը ծաղրել է անտիկ աշխարհի բարոյականությունը և բարքերը, կենդանիների կյանքից բերված օրինակներով նշավակել մարդկային արատներն ու մոլորությունները: Նրա առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն: Այդ առակներով հիացել ու դրանք հանգավորել է Հին Հունաստանի մեծագույն փիլիսոփաներից մեկը՝ Սոկրատեսը:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հետագա դարաշրջանների առակագիրները (օրինակ՝ ֆրանսիացի Ժան դը Լաֆոնթենը, ռուս Իվան Կռիլովը և ուրիշներ) օգտվել են Եզոպոսի առակների սյուժեներից և փոխադրել դրանք:
Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:
V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:




